2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ԱՅԴՏԵՂ ՀԱՅՏՆՎԵԼ»

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ԱՅԴՏԵՂ ՀԱՅՏՆՎԵԼ»
20.04.2010 | 00:00

Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո նրա թիմակիցներն անդադար խոսում էին նախաձեռնողական քաղաքականության մասին։ Սա հիմնականում պայմանավորված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Արդյոք այդ նախաձեռնողական քաղաքականության արդյունքն այսօր տեսանելի՞ է։ «Նախաձեռնված գործընթացը բավականին լայն հնչեղություն ստացավ տարածաշրջանում` ներառելով բազմաթիվ շահեր` և՛ էներգետիկ, և՛ քաղաքատնտեսական, ինչի գործընթացը ստացել է որոշակի առաձգական բնույթ, իսկ տարբեր շահերի բախման հետևանքով էլ տեղի է ունենում երկկողմ, բազմակողմ հարաբերությունների ճշգրտում»,- «Իրավունքը de facto»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ։
-Թուրքիան տարբեր ժամանակներում միշտ փորձել է տարածաշրջանում առաջատար դիրք ամրապնդել,- շարունակեց պարոն Զաքարյանը։- Սակայն առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանի բացման Թուրքիայի նկրտումներն անհեռանկարային են։ Նախնական բանակցային փուլում Թուրքիան չէր հաշվարկել, որ ադրբեջանական գործոնի դերակատարությունը կարող է բավականին նշանակալից լինել։ Սա մեզ համար հաշվարկելի ու տեսանելի էր։ Ողջ գործընթացը, այդ թվում` արձանագրությունները, կառուցվել է կառուցողական, հասկանալի, նպատակային դիրքերից։ Այն է` առանց նախապայմանների հարաբերություններ, ցեղասպանության ճանաչում, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում` առանց հայ-թուրքական հարաբերությունների հետ շաղկապելու։ Այս պարագայում Հայաստանն ամբողջապես կարողանում է առաջադրած քաղաքական շահերն ու մոտեցումները հստակ հիմնավորել։ Սա է պատճառը, որ Թուրքիայի քաղաքականությունը վայրիվերումների ենթարկվեց։ Փաստորեն, նախաձեռնողական քաղաքականությունն իր արդյունքները տալիս ու տալու է։ Հարավային Կովկասի հանրապետություններից Հայաստանն իր «հայկական քաղաքականությամբ» ինքնուրույն սուբյեկտ է դարձել, այլ ոչ թե գործընթացի մաս, ինչպես մինչ այսօր էր։ Ասել է` Հայաստանը քաղաքական իմպուլսներ կրող է, և գերտերությունների հետ ունեցած հարաբերությունները վկայում են, որ մեր երկիրը մտել է գործընկերային հարաբերությունների դաշտ, որպես սեփական շահի կրող։
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից սկսած ղարաբաղյան հիմնախնդիրը զուգահեռաբար քննարկվում էր, չնայած հայկական կողմը միշտ դրանք տարանջատել է։ Օրերս Վաշինգտոնից վերադառնալուց հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե «ԼՂ-ի հարցն ու Հայաստան-Թուրքիա սահմանի թեման պետք է շաղկապել»։
-Դրանք օբյեկտիվորեն շաղկապված լինել պարզապես չեն կարող։ Մենք միշտ մերժել ենք Թուրքիայի դերակատարությունը Ղարաբաղի հարցում։ Թուրքիան փորձում է այս գործընթացը ծառայեցնել ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես, հիմնախնդրի կարգավորմանը։ Մեր երկրի ղեկավարը բազմիցս շեշտել է, որ դրանք միմյանց հետ կապ չունեն։ Հետո՞ ինչ, որ Թուրքիան ու Ադրբեջանը դաշնակից երկրներ են ու հարցն այդպես են դիտարկում։ Հայաստանը ևս դաշնակցային հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ։
-ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց, որ հնարավոր է առանց արձանագրությունների վավերացման բացել սահմանը։ Նման շրջադարձ հնարավո՞ր է։
-Ոչինչ չպետք է բացառել, դա ևս կարող է տարբերակ լինել։ Սահմանը բացելը նպատակ չէ, այլ միջոց։ Թուրքիան հասկանում է, որ 21-րդ դարում հարևան երկիրը շրջափակելն ու որևէ կերպ դա չհիմնավորելը բացասական երևույթ է և պատասխանատվություն է ենթադրում։
-Դուք ևս պնդեցիք, որ այս երկու գործընթացները չպետք է շաղկապել, սակայն Թուրքիայի արտգործնախարարն օրերս մեկնել էր Բաքու` վաշինգտոնյան այցի արդյունքներն Ալիևին «զեկուցելու»։ Նման հետևողականությունն ինչո՞վ է պայմանավորված։
-Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը կամաց-կամաց կորցնում է իրականության զգացողությունը և դուրս է գալիս հավասարակշռված քաղաքականության դաշտից։ Այս դիրքորոշումը կարող է հանգեցնել պատժամիջոցների կիրառման։ Հայաստանն այսօր միակ կղզյակն է, որի միջոցով հնարավոր է տարածաշրջանի մյուս պետությունների հետ հարաբերություններ կարգավորել, ու նաև միակ բանալին, որը կարող է տարածաշրջանում հեռանկարային երկարատև խաղաղություն և կայունություն ապահովել։ Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով հարցը լուծել, ճիշտ կանի, որ վերհիշի իր պատմությունը, հատկապես 1993-ի հուլիսի 23-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը։
-Ընդդիմադիրները հաճախ են շեշտում, թե Հայաստանն արտաքին աշխարհում գործոն չէ։ Տարածաշրջանում գերտերությունների շահերի բախման արդյունքում հնարավո՞ր է, որ Ձեր նշած «բանալին» կարողանա փակ դռներ բացել։
-Այսօր Հայաստանի քաղաքականությունը խիստ հավասարակշռված, հաշվարկելի և կանխատեսելի է, ասել է` Հայաստանն ազնիվ քաղաքականություն է վարում բոլորի հետ, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի։ Վերջիններս խաղարկային սցենարներով փորձում են հակադրվել ընդհանուր համաձայնություններին, ինչը չի հաջողվում։ Պատահական չեն Ադրբեջանի ջղաձիգ հայտարարություններն ԱՄՆ-ի դիրքորոշումների նկատմամբ։ Ադրբեջանը պետք է կառուցողական դիրքերից հանդես գա, այլապես շատ ավելի կորստաբեր վիճակում կհայտնվի բոլոր առումներով։
-Ընդդիմադիր դաշտն այսօր հետաքրքիր գունապնակ ունի. արտախորհրդարանական ընդդիմություն, որն իշխանության ոչ մի քայլը չի ընդունում, և խորհրդարանական ընդդիմություն (խոսքը ՀՅԴ-ի մասին է), որը համագործակցում է իշխանության հետ։ Այսուհանդերձ, այսօր իշխանությունն իր թիկունքում զգո՞ւմ է առողջ ընդդիմության շունչը։
-Խորհրդարանում` այո։ Խորհրդարանական ընդդիմությունն առողջ քննադատությամբ, գործնական առաջարկություններով համագործակցում է իշխանության հետ։ Երկրում ունենք նաև ծայրահեղ ընդդիմադիր հատված, որն ունի ռևանշիստական պահվածք։ Նրանց մտահոգում է միայն իրենց վերադարձը իշխանության, որն այսօր բացարձակապես իրատեսական չէ։
-Տավուշյան այցի ժամանակ երկրի նախագահը հատուկ ընդգծեց, որ երկու գիրք չկարդացած մարդիկ իրենց խելք են սովորեցնում։ Իշխանության մեջ նման մարդկանց թիվը շա՞տ է։
-Ո՛չ։ Քաղաքական համակարգում կան մարդիկ, որոնք պատահաբար են այդտեղ հայտնվել։ Իշխանությունն առավել պատասխանատու օղակ է, և արկածախնդրությունը, ստվերում լինելն ու ոչինչ չանելը, խելք սովորեցնելը, բնականաբար, ընդունելի չեն։ Ժամանակը և զարգացումները կհանգեցնեն նրան, որ քաղաքականությամբ կզբաղվեն զուտ քաղաքական գործիչները։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ